Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 ներկայացուցիչ

10.05.2017, 11:47
Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։
Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։

Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։

43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է։–0–