ԶԼՄ–ները հայտնում են, որ «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են. ՔԿ–ից հայտնեցին, որ կատարվում են քննչական գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են կատարվում, հայտնում են լրատվամիջոցները։
Քննչական կոմիտեի նախագահ Կիմա Ավդալյանը «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց, որ ՔԿ–ում քննվող քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում