Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի նամակը ՊՊԾ գնդի շենքը գրաված խմբի անդամ Պավել Մանուկյանին

04.08.2016, 15:26
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նամակ է հղել  «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանին:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի նամակը ՊՊԾ գնդի շենքը գրաված խմբի անդամ Պավել Մանուկյանին
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կալանքի տակ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է հղել հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի շենքը գրաված և երկու շաբաթ պահած «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանին:

Սեֆիլյանի ուղերձի ամբողջական տեքստը Facebook-ի իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը.

«Սիրելի Պավլիկ, բարեբախտաբար, հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած` դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու:

Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է:

Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է: Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում:

Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի (Պավել Մանուկյանի որդին. խմբ) կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար: Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և, օգնելով բժիշկներին, օր առաջ ոտքի կանգնես»:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հայր և որդի Պավել Մանուկյանները հուլիսի 27-ի լույս գիշերը ոստիկանության աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորումներ են ստացել: Այս պահին նրանք գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-