Երևանի քաղաքապետարանը հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը (ՖՈՏՈ)

16.03.2020, 16:46
Երևանի քաղաքապետարանը հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը կորոնավիրուսի վտանգի պատճառով. ՖՈՏՈ
Երևանի քաղաքապետարանը հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը՝ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները հաշվի առնելով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը»,- նշվում է Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանը նշում է, որ փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:

Քաղաքապետարանը հորդորում է պահպանել և չվտանգել առողջությունը:

Մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–