Վարպետության դաս Փաշինյանից. ինչպես ճիշտ կրել բժշկական դիմակները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է բժշկական դիմակը ճիշտ կրելու ձևին:
Հիշեցնենք, որ այսօր կառավարոթյան անդամներն առաջին անգամ նիստին դիմակներով են մասնակցում, քանի որ, ինչպես նշել է Փաշինյանը, նրանց հասցեին ուղղված քննադատությունը (դիմակներ չկրելու վերաբերյալ. խմբգր) ճիշտ է և եթե կա պարետատան պահանջը փակ տարածքում դիմակներ կրելու, ապա դա վերաբերում է բոլորին, այդ թվում կառավարության անդամներին:
Համաձայն նոր օրենքի, ՀՀ-ում նախատեսվում է տուգանք՝ դիմակ չունենալու համար, որի չափը 10 հազ. դրամ է:
«Իմիջիայլոց ես նկատել եմ, որ ՀՀ-ում դիմակը համատարած կրում են այսպիսի վարկածով»,- նշել է Փաշինյանը՝ դիմակն իջեցնելով քթի տակ ու ասել` «մինչդեռ բերանը և քիթը պետք է փակված լինի»:
Այս կապակցությամբ վարչապետը պարզաբանման համար դիմում է Արսեն Թորոսյանին՝ հարցնելով ինչպես ճիշտ դիմակ կրել:
Ի պատասխան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ միանշանակ քիթ և բերան միասին պետք է փակ լինեն, քանի որ փռշտալու ժամանակ վարակը կարող է տարածվել:
«Խնդրում եմ օգտագործել այդ տարբերակով դիմակները»,- դիմել է Փաշինյանը հայաստանցիներին:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: -0-

