Վարչապետը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր վիճակի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք. ընդհանուր թիվը՝ 194: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր է արձանագրել, որ այդ դեպքերի ավելի քան 70-75%-ը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել: Հիմա պետք է հաջողվի կագնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- հայտնել է նա:
Վարչապետը ընդհանուր վիճակի մասին խոսելով՝ արձանագրել է, որ հաստատված դեպքերի 78%-ը ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունեն 18%-ը, իսկ 38-39՝ 3%-ը, և 39-ից բարձր ջերմություն ունի հիվանդների ընդամենը 1%-ը:
«65-ից բարձր տարիքային խմբից ունենք 9 հիվանդ, իսկ 70-ից՝ 3, իսկ 80-ից բարձր ոչ մի հիվանդ չունենք: Սա նշանակում է, որ ռիսկային գոտուց հիվանդների չունենք: Այս պահին ունենք թոքաբորբով հիվանդ 14 մարդ, 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունեն: Այս պահին նրանց վիճակը նույնպես համարվում է կառավարելի»,- մանրամասնել է վարչապետը:-0-