Ունենք թոքաբորբով հիվանդ 146 մարդ, 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր վիճակը:
Նախարարը նշել է, որ երեկվա ընթացքում հաստատված 11 դեպքը դրական հանգամանք է, սակայն հորդորել ազգովի շարունակել պահպանել նշանակված սահմանափակումները և չմտածել որ ամեն բան արդեն ետևում է:
«Պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունեն, ունենք 146 թոքաբորբ ունեցող քաղաքացիներ: Մոտ 35 մարդ ծանր վիճակում են, դեռ ռեանիմացիոն չեն, մեծ մասը պարզապես թթվածնի կարիք ունեն, որը ստանում են հիվանդանոցներում»,- նշել է նա:
Նախարարը հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 մարդ: Խոսելով մահվան գրանցված վերջին դեպքի մասին, Թորոսյանը հայտնել է, որ 68-ամյա քաղաքացին ունեցել է ուղեկցող հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ:
«Այս պահին մեկուսացման վայրերում գտնվում է մոտավորապես 1500 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ ավելի քան 5 հազար քաղաքացի, հատուկ ցուցումով տրված: 400-ից ավելի մեկուսացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք»,- հայտնել է Թորոսյանը:
Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք 1400 հատուկ մահճակալային ֆոնդ՝ առանձնացված միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից այս պահին դրությամբ զբաղված է մոտ կեսը:
Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 833 հաստատված դեպք։ Բուժվել է 62 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ, բացասական թեստերը` 4096, 8 մարդ, ցավոք, մահացել է։-0-