Թանկարժեք զարդեր, գումար և էլեկտրոնային տեխնիկա. ինչ են կորցնում ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2019թ.-ի ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գտնվել է 955 կորած իր: Այս մասին հայտնել է «Զվարթնոց»-ի Facebook-յան էջը:
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացնող «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ ընկերության մաքրուհիները 2019 թվականին գտել են մեր ուղևորների կողմից կորցրած 955 իր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գտնված իրերում եղել են թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, աքսեսուարներ, գումար, հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա, փաստաթղթեր, հագուստ և այլն:
«Շնորհակալություն ենք հայտնում մեր մաքրուհիներին՝ ուշադիր և բարեխիղճ աշխատանքի համար և չենք մոռանում հորդորել մեր ուղևորներին առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:-0-