Սյունիքի մարզպետը ինքնամեկուսացել է. նա կոնտակտ է ունեցել վարակակրի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ինքնամեկուսացման մեջ է կորոնավիրուսի պատճառով:
«Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կորոնավիրուսով վարակված անձի հետ կոնտակտ է ունեցել և այս պահին ինքնամեկուսացված է»,- հայտնել է մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ԱԺ նիստից հետո:
Խոսելով մարզպետի ինքնազգացողության մասին՝ Բաբայանը նշել է, որ երեկ է խոսել մարզպետի հետ, իրեն լավ էր զգում, սիմպտոմներ չուներ:
Բաբայանն ընդ որում նշել է, որ հունիսի 9-ի դրությամբ Սյունիքում հաստատվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 60 դեպք, որոնցից 18-ը բուժում են անցնում Կապանի ԲԿ-ում, իսկ մնացածները մեկուսացման մեջ են:
«Սյունիքում մահվան դեպքեր կորոնավիրուսից չեն արձանագրվել»,- ասել է նա:
Հայաստանում հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: -0-

