Ելենա Բատուրինան մտադիր է հյուրանոց գնել Դուբլինում. ԶԼՄ
Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կին Ելենա Բատուրինան մտադիր է 20-25 մլն եվրոյով (25,3-31,6 մլն դոլար) գնել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում գտնվող «Morrison Hotel» հյուրանոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Irish Times իռլանդական պարբերականին:
Թերթը հաղորդում է, որ այժմ Ակտիվների կառավարման պետական գործակալությունը (National Asset Management Agency, NAMA), որը ստեղծվել է 2009 թ.-ին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով, և Բատուրինայի շահերը ներկայացնող ընկերությունն ավարտում են անշարժ գույքի վաճառքի համաձայնագրի ստորագրմանը նախորդող աշխատանքները: Ակնկալվում է, որ Բատուրինան, ում ունեցվածքը գնահատվում է 1,2 մլրդ դոլար, այս շաբաթ կդառնա հյուրանոցի սեփականատերը:
Ինչպես նշում է պարբերականը, Բատուրինան 2011 թ.-ի վերջին շաբաթներում ավարտված տենդերի ժամանակ ներկայացրել է առավել շահավետ առաջարկը:
Բատուրինայի ներկայացուցիչները դեռևս «ՌԻԱ Նովոստիին» չեն հաստատել նախապատրաստվող գործարքի մասին տեղեկատվությունը:-0-