Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊ) երկրները մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ հունիսյան անկարգություններից տուժած Ղրղզստանում իրավիճակը կարգավորելու նպատակով, երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ անդամ-պետությունների հումանիտար օգնությունը հատկացվել է Ղրղզստանին Մոսկվայում 2010 թ.-ի մայիսի 8-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»:
«Հավաքական հիմունքներով Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները, որոնք ընդունվել են այս տարվա հունիսին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, իրագործման փուլում են», - հայտարարել է Բորդյուժան, ում խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում է ՀԱՊԿ-ն, ՌԴ-ն Ղրղզստանին արդեն 20 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել բնակչության սոցիալական աջակցության նպատակով և 30 միլիոն դոլարի արտոնյալ վարկ՝ Ռոսսելխոզբանկի գծով։ Ռուսաստանը նաև 25 հազար տոննա վառելիքային քսանյութ, 20 հազար տոննա դիզելային վառելանյութ է հատկացրել և Ղրղզստանի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար գույք է փոխանցել։ ՌԴ ԱԻՆ գծով մատակարարվել է 129 տոննա տարբեր մարդասիրական օգնություն, ինչպես նաև 43 տոննա դեղորայք և անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նշում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Մոսկվայի կառավարությունը «շտապ օգնության» հինգ մեքենա և «Կամազ» բեռնատար մեքենայի հիմքի վրա ռենտգենյան շարժական սարք է տրամադրել, նշվում է փաստաթղթում։
2011 թ.-ի հունվարի Ռուսաստանը ծրագրում է Ղրղզստանին տրամադրել 1,5 հազար տոննա սերմ՝ հացահատիկի էլիտար տեսակներ ցանելու համար:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-