Մոսկվայում միլիցիան կանխել է սկինհեդերի հետ կովկասցիների զանգվածային կռիվը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Մոսկովյան միլիցիան ձերբակալել է Հայաստանի և Ադրբեջանի ավելի քան 20 քաղաքացիների, որոնք մտադիր էին կռվի բռնվել ազգայնական երիտասարդության հետ, երեքշաբթի «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է Մոսկվայի հարավ-արևելյան մարզի ՆԳՎ ծառայության ներկայացուցիչը, որի տարածքում տեղի է որ ունեցել միջադեպը։
Նրա խոսքերով, երեկ «Ռյազանսկայա» պողոտայի տարածքում երեկոյան վեցի շրջանում հավաքվել են «կովկասցի» մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնք խուլիգանություն են արել և կոպտել անցորդներին։
Միջադեպի վայր արագ ուղարկվել են միլիցիայի մի քանի պարեկային խմբեր, որոնք ձերբակալել են 20 հոգու և տարել նրանց շրջանային բաժին։
Ձերբակալվածների դեմ վարչական գործեր են հարուցվել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20,1 հոդվածով (մանր խուլիգանություն), որով նախատեսվում է վարչական կալանք կամ մինչև հազար ռուբլի տուգանք, նշել է գործակալության զրուցակիցը։
«Միլիցիայի աշխատակիցները պարզել են, որ ձերբակալվածները «Ռյազանսկայա» պողոտայում հավաքվել էին «Էստակադա» ակումբ գնալու համար, որպեսզի կռվի բռնվեին ազգայնական երիտասարդության հետ, բայց հաստատությունը փակ է եղել նորոգման պատճառով։ Դրանից հետո երիտասարդները դուրս են եկել պողոտա և սկսել են խուլիգանություն անել»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Նա հայտնել է, որ ձերբակալման ժամանակ խուլիգաններից մեկն ակտիվ դիմադրություն է ցուցաբերել և միլիցիայի աշխատակցին ձեռքով մի քանի հարված հասցրել։ Նրա նկատմամբ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 318-րդ հոդվածով (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի դեմ), որով սահմանվում է մինչև 5 տարի ազատազրկում։
Մինչդեռ, ադրբեջանական «Լիդեր» հեռուստաալիքը հայտնել է, որ երկուշաբթի մոսկովյան միլիցիան կանխել է 300 հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային կռիվը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ, վեճն առաջացել է Ինտերնետում ղարաբաղյան հարցի շուրջ առաջացած վիճաբանության պատճառով։--0--