ՍԴ 7 դատավորները հայտարարություն են տարածել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորները հայտարարություն են տարածել: Այն ներկայացվել է ՍԴ պաշտոնական Facebook-յան էջում:
Ներկայացնում ենք ստորև հայտարարությունն առանց փոփոխության:
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հայտարությունը ստորագրել է ՍԴ 9 դատավորներից միայն 7-ը. հայտարարության տակ բացակայում են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի անունները:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:
Նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ևս կդադարեցվեն:
ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։
Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–