«Սասնա ծռեր», դետեկտիվ և պոեզիա․ 2026-2027 ուստարին կանցկացվի «Ընթերցանության տարի» խորագրով

28.08.2026, 16:51
Տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում
«Սասնա ծռեր», դետեկտիվ և պոեզիա․ 2026-2027 ուստարին կանցկացվի «Ընթերցանության տարի» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ 2026-2027 ուսումնական տարին Հայաստանում կանցնի «Ընթերցանության տարի» խորագրի ներքո, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում։

«Մենք տարին բաժանել ենք տարբեր ամիսների՝ յուրաքանչյուր ամսվա շրջանակում դպրոցներին ուղղորդելով այդ թեմայի շուրջ ավելի մեծ ծավալի աշխատանք իրականացնելու»,– ասել է նախարարը ասուլիսի ժամանակ։

Անդրեասյանի խոսքով՝ սեպտեմբերը նվիրված կլինի հայկական էպոսին. «Սասնա ծռերը» դպրոցներում կլինի հիմնական թեմաներից մեկը՝ ընթերցանության շուրջ աշխատանքներ իրականացնելու համար։

«Հոկտեմբերը թարգմանական գրականության ամիս կլինի, նոյեմբերը վեպի միջազգային ամիսն է։ Դեկտեմբերին կխոսենք դետեկտիվ գրականության մասին», - նշեց նախարարը։

Հունվարին ուշադրության կենտրոնում կլինի դրամատուրգիան, փետրվարը նվիրված կլինի հեքիաթներին, մարտը՝ պոեզիային, ապրիլը՝ մանկական գրականությանը, իսկ մայիսը՝ կենսագրականներին, հուշագրություններին և մոտիվացիոն գրականությանը։

Ընթերցանության տարվա շրջանակում ակտիվորեն կներգրավվեն նաև գրադարաններն ու թանգարանները։

Մասնավորապես, Գրականության և արվեստի թանգարանը կիրականացնի առանձին կրթամշակութային ծրագիր՝ «Ինչ էին կարդում մեր գրողները» խորագրով։ Նախատեսվում են նաև այցելությունների երթուղիներ դեպի տարբեր գրողների տուն-թանգարաններ։

«Ծրագիրը կամփոփենք մրցույթով. ամենաշատ թանգարաններ հաճախած դասարանները հնարավորություն կունենան նաև իրենց աշխատանքի գնահատական ստանալ», - հայտարարեց Անդրեասյանը։