Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազությունն արձագանքել է տարածված պնդումներին այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։
Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 25-ի տեղեկացրել էր, որ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
«Ի պատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը», – նշվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 27–ին երկու ամսով կալանավորվել է, օգոստոսի 26-ին երկու ամսով կալանավորվել է նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որից հետո Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է վեց անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3 դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագով։
«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի (2000–2007 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա.Մ.-ի (2000–2007 թվականներին վարչապետն է եղել Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ», - նշել է դատախազությունը։

