«Մազոխի՞ստ եմ». Փաշինյանը բացատրեց իր դիրքորոշումը անկլավների վերաբերյալ

27.08.2026, 14:34
Նրա խոսքով՝ այդ թվաբանության մեջ չեն մտնում անկլավները՝ Ադրբեջանի 3 անկլավային տարածքները
«Մազոխի՞ստ եմ». Փաշինյանը բացատրեց իր դիրքորոշումը անկլավների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է իր դիրքորոշումը Քյարքիի (Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը - խմբ) և անկլավների վերաբերյալ:

«Ես վերադարձի մասին չեմ խոսել: Ես ընդամենը ասել եմ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք: Ես ասել եմ, որ Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված 29 743 քառ. կմ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքն է», - նշեց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդ թվաբանության մեջ չեն մտնում անկլավները՝ Ադրբեջանի 3 անկլավային տարածքները:

«Մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է: Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է, որ մենք խոսում ենք, որ Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 743 քառ. կմ չէ, այլ, օրինակ, 29 755 քառ. կմ: Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Ինչո՞ւ եմ ես այս ամենն ասում՝ արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության և հողատվության մասին պնդումներին։ Ինչու եմ այս ամեն ինչը անում, մազոխի՞ստ եմ։ Ես դա անում եմ այդ վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ կան ներքին և արտաքին ուժեր, որոնք մտածում են. թե ինչպես փլուզել հաստատված այս խաղաղությունը և էսկալացիա մտցնել։

«Ես այդ թեմայի «նեռվը» հանում եմ, որպեսզի հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել: Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր սահմանազատման խնդիր: Որովհետև եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է` մենք Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք: Դա կոնֆլիկտային սկզբունք է: Այդ «նեռվն» արդեն հանված է, անկլավների, էքսկլավների թեման վերջին թեման էր, որի վրա կարող էր կառուցվել խաղաղությունը փլուզելու պլանը», - նշեց Փաշինյանը:

Կարդացեք նաև․ «Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին՝ Տիգրանաշեն»․ Փաշինյան