Բուհերի ընդունելության ցուցանիշների նվազման մասին գնահատականներն ամբողջական չեն. ԿԳՄՍ նախարար

28.08.2026, 15:07
Բուհեր ընդունվածների թիվը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև արտերկրում սովորողներին, ասել է ԿԳՄՍ նախարարը
Բուհերի ընդունելության ցուցանիշների նվազման մասին գնահատականներն ամբողջական չեն. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ բուհերի ընդունելության ցուցանիշների նվազման մասին գնահատականները ամբողջական չեն, քանի որ հաշվի են առնվում հիմնականում միասնական քննությունների արդյունքներով ընդունվածների թիվը։

«Բացի միասնական քննությունների համակարգից, Հայաստանում գործում են նաև միջպետական և միջազգային բուհեր, որոնց ընդունելությունն իրականացվում է այլ համակարգով», - ասաց Անդրեասյանն ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ բուհերում սովորելու ցանկություն ունեցող և ընդունվողների թիվը վերջին տարիներին աճել է։

«2022 թվականին այս բուհեր ընդունվել են 1919 հոգի, իսկ 2026-ին 56,9%-ով ավելի `3011 հոգի», - հայտնեց նախարարը։

Նա ընդգծեց, որ ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև արտերկրում կրթություն ստացող Հայաստանի քաղաքացիներին, որի մասով վիճակագրությունը հստակ վարվում է միայն արական սեռի քաղաքացիների վերաբերյալ՝ կապված 50 լավագույն բուհեր ընդունվելու դեպքում տարկետման հնարավորության հետ։

Նախարարի խոսքով` 2022 թվականի համեմատ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է `131-ից հասնելով 252-ի։

«10 հազար 932 քաղաքացի միասնական քննության արդյունքում ընդունվել է մեր հանրային և մասնավոր բուհեր։ Սա 49,23 տոկոսն է շրջանավարտների, բայց դրան գումարելով նաև արտերկիր և միջպետական-միջազգային բուհեր ընդունվածների թիվը՝ տեսնում ենք, որ մեր շրջանավարտների թվի շուրջ 64,5 տոկոսն է ընդունվում բուհեր», - նշեց Անդրեայանը։

Նա հավելեց, որ այս ցուցանիշին պետք է գումարել նաև հեռակա ուսուցմամբ բուհ ընդունվածների, ինչպես նաև քոլեջներից բուհ անցած ուսանողներին, որոնց թվերը հստակեցվում են աշնան առաջին ամիսներին։