Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի՝ դատարան ներկայացրած պահանջով:
Արսեն Թորոսյանը հաստատել է այս տեղեկությունը Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ՝ հավելելով, որ միջնորդել է դատարանին վերացնելու հայցը։
«Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից»,-գրել է նա։
Նշենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ։
Հայցը տեղադրված է Datalex դատական տեղեկատվական համակարգում։
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածով, Դատարանին խնդրում եմ՝6.1. «Ես 2 հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա ... Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին» վիրավորական արտահայտությունների համար Արսեն Գեւորգի Թորոսյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից,6.4. Արսեն Թորոսյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։6.5. Արսեն Թորոսյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից»,-նշված է հայցում։
Գործը մակագրված է դատավոր Արամ Մկրտչյանին։

