Քրեակատարողական հիմնարկի աշխատողը փորձել է թմրանյութ վաճառել աշխատավայրում

09.01.2017, 19:12
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ։
Քրեակատարողական հիմնարկի աշխատողը փորձել է թմրանյութ վաճառել աշխատավայրում
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ, հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

«Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ: Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ «մարիխուանա»-ն և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ»,– նշվում է հաղորդման մեջ։

Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (խոշոր չափերի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով պատիժը կրելու կամ կալանավորման վայրում): Ազատ Մ.-ն կալանավորվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: -0-