Կա՞ն կորոնավիրուսով վարակման դեպքեր ՔԿՀ-ներում. Ռուստամ Բադասյանը մանրամասնել է

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՔԿՀ-ներում կորոնավիրուսի ստուգման համար անցկացված բոլոր թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Այս մասին երկուշաբթի հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք: Ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են տվյալ դեպքերին արձագանքելու համար»,-հայտնել է նախարարը:
Բադասյանը նաև անդրադարձել է ՔԿՀ-ներում, այլ երկրների օրինակով, համաներում կիիրառելու առաջարկներին կորոնավիրուսի պատճառով:
«Ես ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալները ուսումնասիրել, որոնք կազմում են 120, 150, որոշ դեպքերում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջակայքում է: Մենք չունենք այնպիսի վիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք ՔԿՀ-ները: Նման խնդիր չունենք»,- նշել է նախարարը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–