Փոխվարչապետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ

11.04.2020, 13:07
ՀՐԱՏԱՊ․ Փոխվարչապետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ
Փոխվարչապետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: 

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետև քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր: 

Загружается новость ... "Право"

«Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:  

Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 966 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–-0-