Փոխնախարարը ներկայացրել է խանութներից օգտվելու կանոնները

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Պարետի որոշման համաձայն, խոշոր առևտրի կենտրոնները սկսելու են իրենց գործունեությունը: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Նրա խոսքով, կան մի քանի հատուկ կանոններ առանձին ոլորտների համար, բայց ընդհանուր առմամբ, կան ընդհանուր դրույթներ, որոնք վերաբերում են ոչ միայն ձեռնարկատերերին, այլև բնակչությանը:
Օրինակ, եթե ավելի վաղ առևտրի կենտրոնները փակ էին, և թույլատրվում էր սննդի խանութների, դեղատների և գյուղմթերքի խանութների գործունեությունը, ապա հիմա կաշխատեն բոլոր խանութները, բայց որոշակի պահանջների պահպանմամբ, այդ թվում՝ հաճախորդների նկատմամբ:
Օրինակ, խանութները պետք է ոչ միայն ախտահանեն և ջերմաչափեն աշխատակիցներին, այլ հաճախորդներին թույլ տան խանութ մտնել միայն դիմակի և ձեռնոցների առկայության դեպքում:
«Առանց դիմակի և անհատական պաշտպանիչ միջոցների՝ ձեռնոցների, չի թույլատրվում խանութ մտնելը՝ առևտուր իրականացնելու համար: 20 քառ.մ. տարածք ունեցող առևտրի իրականացման վայրերից չի թույլատրվում երկու մարդուց ավելի հաճախորդների լինելը»,- նշել է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ պահանջների կատարման վերահսկողությունը շատ խիստ է լինելու:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: -0-