Փաշինյանը նշել է, թե որ պարագայում կլինի վերադարձ սահմանափակումների (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի զարգացման որոշակի սցենարի դեպքում երկրում հնարավոր է լինի վերադարձ սահմանափակումների:
«Երեկ նորից արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, վերջին շրջանում ունենք ամեն օր 100-ը գերազանցող դեպքեր, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Բացի շոշափելի և տեխնիկակազմակերպչական հարցերից ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր»,- նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով, տվյալ խնդիրն արտահայտվում է այն բանի մեջ, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչն է այդպիսի ընկալման պատճառը:
«Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելիի հիվանդությունն անցնում է ասիմպտոմ»,- հայտնել է Փաշինյանը՝ նշելով, որ մարդիկ սկսում են գիտակցել հիվանդության լրջությունը միայն այն ժամանակ, երբ վարակվում են իրենց տարեց հարազատները:
Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարության ռազմավարությունը կայանում է ոչ թե սահմանափակումների կիրառման մեջ, այլ մարդկանց համոզելու՝ պահել անվտանգության կանոնները:
«Մեր ռազմավարությունը կայանում է սահմանափակումների ռեժիմին չվերադառնալու մեջ Հետևաբար հարց է ծագում, թե ինչու ավելի վաղ որոշում է կայացվել սահմանափակումների մասին: Կար բժշկական հաստատությունների հնարավորության ընդլայնման կարիք: Սահմանափակումների շրջանում ինֆեկցիոն հիվանդանոցում 300 տեղերը հնգապատկել են՝ դառնալով 1500 տեղ, և այդ պրոցեսը շարունակվում է»,- նշել է վարչապետը:
Բացի այդ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության հաշվարկների համաձայն, եթե համավարկն ընթանար իտալական սցենարով, ապա մեկ ամսվա ընթացքում կլիներ 10 հազ. մահ:
«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման: Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որևէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,- հայտնել է վարչապետը:
Ընդ որում Փաշինյանը հայտնել է, որ թոքերի բորբոքումով հիվանդներից մի քանիսը անգամ հոսպիտալացման կարիք չունեն, քանի որ հիվանդությունը թեթև ընթացք ունի նրանց մոտ: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, ևս 70-ը գնման գործընթացում է:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-