Պարետի որոշմամբ մեկուսացվում է Գեղարքունիքի Դդմաշեն համայնքը

06.05.2020, 16:10
Պարետի որոշմամբ մեկուսացվում է Գեղարքունիքի Դդմաշեն համայնքը. այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր օջախ

Պարետի որոշմամբ մեկուսացվում է Գեղարքունիքի Դդմաշեն համայնքը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մեկուսացվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքը այնտեղ կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախի հայտնաբերմամբ պայմանավորված: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ»,- նշել է նա:

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

«Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում»,- նշել է Սանոսյանը:

Մարզպետը հայտնել է նաև, որ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

«Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- նշել է մարզպետը:

Նա նաև հորդորել է անվտանգությունից ելնելով պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցառումները և մնալ տանը: 

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  1600 պացիենտ:  Մահացել է, ցավոք, 40 մարդ: -0-