Նոյեմբերյանի զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ մամուլի խոսնակ

31.03.2020, 12:55
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է շրջանառվող կեղծ լուրերին, թե Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուս է տարածվել
Նոյեմբերյանի զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է շրջանառվող կեղծ լուրերին, թե Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել:

Загружается новость ... "Лево"

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը»,- գրել է խոսնակը։

Նա նշել է, որ հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

«Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։
Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։
Խնդրում եմ նման բովանդակությամբ նյութեր հանդիպելիս չտարածել այն և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։ Եղեք զգոն և ուշադիր»,- նշել է խոսնակը:

Հիշեցնենք, որ մինչ օրս ՀՀ ԶՈՒ-երում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 6 դեպք: -0-