ՆԳՆ–ն իրազեկում է․ ID card ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ–ից հիշեցնում են, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card):
Գերատեսչությունից հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։
Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։
«Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ից հիշեցնում են․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID)», – նշվում է ՆԳՆ–ի հաղորդագրության մեջ։

