Մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի ավելի քան 4 հազ. հետազոտություն. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի ախտորոշման մեթոդը և հայտնել ՀՀ-ում լաբորատոր հնարավորությունների ընդլայնման մասին:
«Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է: Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը»,- նշել է Թորոսյանն իր Facebook-յան էջում տեսանյութ հրապարակելուն կից:
Նախարարը հայտնել է, որ մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի ավելի քան 4000 հետազոտություն:
«Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»,- նշել է նա:
Ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 822 դեպք: Բուժվել է 57 մարդ, փաստացի բուժում է ստանում 758 մարդ, բացասական թեստերի թիվը` 3844, մահացել է, ցավոք, 7 մարդ։-0-