Մենք կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց ոլորտում պահպանեն կանոնները: Կլինեն դրանք քաղաքացիների սպասարկման կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունքներ կամ համարանիշներ տրամադրող մասնաճյուղեր, անձնագրային բաժիններ, առողջապահական հաստատություններ, սոցիալական աջակցության կենտրոններ, ընդունելության քննական կենտրոններ, զորակոչային հավաքակայան և այլն:
Հաջորդը, վարչապետի խոսքով, կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց տարածքում, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար:
Ըստ նրա՝ հաջորդը, ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն:
Փաշինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել Հայաստանում և այդ պրոցեսը շարունակվում է. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որևէ տեղում կանոն չպահելու արդյունքում մեծ հավանականությամբ իչ-որ մեկին դատապարտում է մահվան: Մենք այսօր մեր վարքագծի ռեստարտի, նոր կարգապահության ներդրման կարիք ունենք»:
Մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ: 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը, եթե պահպանենք կանոնները»,- նշեց նա:-0-

