«Մեկ ամսից ավելի է գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում». Թորոսյանը ներկայացրել է բուժաշխատողների անձնվեր աշխատանքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ նվիրված հայ բուժաշխատողների կողմից իրականցվող անձնվեր աշխատանքին:
«Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում»,- նշել է նա:
Թորոսյանն, այդ թվում, հայտնել է, որ նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:
«Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է»,- ընդգծել է նախարարը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 881 հաստատված դեպք։ Բուժվել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–