Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետի եղբորը Վարդավառի օրվա սկանդալային միջադեպի փաստով

22.08.2018, 14:52
Կարեն Գասպարյանն Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել։
Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետի եղբորը Վարդավառի օրվա սկանդալային միջադեպի փաստով
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետի եղբորը` Կարեն Գասպարյանին 17.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, հայտնում է Հատուկ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ նա սպանության սպառնալիքներ է տվել Ավետիք Սարգսյանին:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան «Վարդավառ» տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ:

Загружается новость ... "Лево"

Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կ. Գասպարյանը Ա. Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և այլոց ներկայությամբ Ա. Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Ա. Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կ. Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել:

Արդյունքում Ա. Սարգսյանը տեղի է տվել Կ. Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

Կ. Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: -0-