Մարմարիկում զոհված 2-ամյա Տիգրանի ընտանիքում նորից երեխա է ծնվել. ՆԳ նախարարն այցելել է Պետրոսյանների ընտանիք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը։
«Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տրամադրած տեղեկատվության, Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

2025թ.-ի մայիսի 4-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի ափին կորել է 2 տարեկան տղա երեխա։ ՆԳՆ սկսել էր որոնողական աշխատանքներ իրականացնել։
Մարմարիկում մայիսի 4–ին անհետացած երկու տարեկան փոքրիկի որոնողական աշխատանքների ժամանակ կիրառվել են ԱԹՍ–ներ, վարժեցված շներ։
20–օրյա որոնողական աշխատանքներից հետո 2025թ.- մայիսի 24-ին Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2–ամյա Տիգրանի մարմինը։


