Հայաստանցի աշակերտները 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 93 երկրների 372 աշակերտներ, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:
Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։
Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։
Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։
Հիշեցնենք, որ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր ԱՄԷ Դուբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե մեդալի և 3 գովասանագրի։

