Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերի ֆոնին ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել

20.07.2026, 18:14
Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվել
Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերի ֆոնին ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ 

ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։ 

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․ 

  • վերցվել է 14 ջրի նմուշ,

  • վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

 Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ 

Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։

Կարդացեք նաև․ «Վեոլիա Ջուրը» պնդում է, որ խմելու ջուրը համապատասխանում է նորմերին՝ արձագանքելով հնարավոր խմբային հայցերի մասին հայտարարությանը