Իսրայելը Բաքվի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Haaretz»

20.07.2026, 09:57
Ադրբեջանի ճնշման ներքո Իսրայելը հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգից. «Haaretz»
Իսրայելը Բաքվի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Haaretz»

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․Ադրբեջանի ճնշման ներքո Իսրայելը հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգից, գրում է «Haaretz» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ինչպես հայտնի է դարձել «Haaretz»-ին, իսրայելցի պաշտոնյաները հավաստիացրել են ադրբեջանական կողմին, որ այդ հարցը կհանվի Քնեսեթի օրակարգից։ Իսրայելական աղբյուրներից մեկի գնահատմամբ՝ քվեարկությունն արգելափակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից այն բանից հետո, երբ նրա գրասենյակի հետ կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի բարձրաստիճան քաղաքական խորհրդականը»,- ասված է հրապարակման մեջ։

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը քվեարկել էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Նախարարների կաբինետի որոշումից հետո նախատեսվում էր համապատասխան բանաձևը ներկայացնել Քնեսեթի քննարկմանը։

Հուլիսի 13-ին «Jerusalem News Syndicate» (JNS) պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հայտնել էր, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Քնեսեթում կասեցվել է։

Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման մասին

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը բազմիցս ներկայացվել է Քնեսեթի քննարկմանը։

2018 թվականին «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգն առաջարկել էր հայերի զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն նախաձեռնությունը հետագա ընթացք չէր ստացել կառավարության դիրքորոշման պատճառով։

2019 թվականին ճանաչման գաղափարին կողմ արտահայտվեցին Քնեսեթի մի քանի բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Յաիր Լապիդը և Գիդեոն Սաարը, սակայն համապատասխան որոշումը դարձյալ չընդունվեց։

2021 թվականին ընդդիմադիր պատգամավորների խումբը օրինագիծ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլի 24-ը դրա զոհերի հիշատակի օր սահմանելու մասին։