Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21.07.2026, 10:03
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ չհստակեցնելով այդ որոշման պատճառները:

Մելոյանը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում զբաղեցնում էր «Տաշիր գրուպ» հոլդինգի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի հիմնադրած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը։

Facebook-ի իր էջում արված հայտարարության մեջ Մելոյանը նշել է, որ հետագա քաղաքական և հասարակական գործունեությունը կենտրոնացնելու է կուսակցության ինստիտուցիոնալ զարգացման, ընտրությունների վերահսկողության, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանության, հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացման և սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգային լուծումների մշակման վրա։

Մելոյանն ընդգծել է, որ շարունակելու է մնալ «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ և աջակցել կուսակցության ղեկավարությանն ու նրա թիմին։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի 105 անդամներ հայտարարել էին ինքնաբացարկի մասին։

Նոր խորհրդարանում մանդատների մասին

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքը ձևավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հենքի վրա, որի հիմնադիրն ու առաջնորդն է «Տաշիր Գրուպի» նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը։ Նորընտիր հայկական խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 29 պատգամավորական մանդատ։

Եվս 12 մանդատ կստանա «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, որը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջնորդն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի 64 մանդատ։