Կազմակերպվել է ԱՄՆ-ից 35 ավագ դպրոցի աշակերտների վերադարձը ՀՀ կորոնավիրուսի պատճառով. ԱԳՆ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստան են վերադառնում տարբեր ծրագրերով այնտեղ ուսանող 35 աշակերտներ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր Facebook-յան էջում:
«Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,- նշել է Նաղդալյանը:
Նա հայտնել է, որ Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։
«Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 է, առողջացումների թիվը կազմում է 149: Փաստացի բուժվողները 777-ն են, բացասական թեստերը՝ 5144: Մահացել է, ցավոք, 11 մարդ: -0-