Կառավարությունը պարզաբանել է Գյումրիում կորոնավիրուսից մահվան դեպքի մասին կեղծ լուրերը

26.03.2020, 19:51
Կառավարությունը պարզաբանել է Գյումրիում կորոնավիրուսից մահվան դեպքի մասին կեղծ լուրերը
Կառավարությունը պարզաբանել է Գյումրիում կորոնավիրուսից մահվան դեպքի մասին կեղծ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը լրատվամիջոցներին կոչ է անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները: Հիշեցվում է նաև, մարտի մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ-ում գործող Արտակագ դրություն ժամանակ ԶԼՄ-ների սահմանափակումների մասին։

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։

Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։

Հինգշաբթի, մարտի 26-ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է COVID-19 վարակի 290 դեպք, բուժվել է 18, մահացել՝ մեկ հիվանդ: -0-