24 ժամով կասեցվել է 52 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում. պարետի որոշում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և 6 մարզերում:
Որոշումը հրապարկվել է ՀՀ կառավարության կայքում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1317-Ա, N 1326-Ա, N 1333-Ա, N 1334-Ա, N 1340-Ա, 2020 թվականի մայիսի 6- ի N 1351-Ա, N 1352-Ա, N 1358-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-8-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը»,- նշվում է որոշման մեջ:
Տնտեսվարողների ամբողջական ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ որոշման մեջ:
Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Հայաստանում մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:-0-