Իրականացվել է Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը. 100 ՀՀ քաղաքացի վերադառնում է հայրենիք (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը: Այս մասին նշվում է հյուպատոսության Facebook-յան էջում:
Հաղորդվում է, որ նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։
«Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝
-
Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
-
մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։
«Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,- հաղորդվում է էջում:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-

