Ինչպե՞ս դիմադրել կորոնավիրուսին. խորհուրդ է տալիս բժիշկը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նոր կորոնավիրուսին և այլ վարակիչ հիվանդություններին դիմադրելու համար հարկավոր է, նախ և առաջ, խուճապի չմատնվել և պահպանել անձնական հիգիենան, հայտնեց «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկական ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիլիթ Մարությանը:
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա նշեց, որ անհրաժեշտ է հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը, հիվանդության ժամանակ ավելի քիչ հեռանալ տնից, չգնալ աշխատանքի և երեխաներին դպրոց և մանկապարտեզ չուղարկել: Բժիշկը նաև խորհուրդ է տալիս, հնարավորության դեպքում, խուսափել մարդաշատ վայրերից, փռշտալիս և հազելիս հետևել ընդունված կանոններին և որ ամենակարևորն է՝ պատվաստվել այլ վիրուսների տարածումը կանխելու համար:
«Սովորական սեզոնում (սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև մարտ-ապրիլ) տարածվում են մոտ 200 տեսակի վիրուսներ. սկզբում ակտիվանում է մեկ վիրուս, հետո մեկ այլ: Սա սովորական, նորմալ, տարեցտարի կրկնվող երևույթ է», - ասաց նա:
Մարությանը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում բժշկական դիմակների արդյունավետության հարցին, որի պահանջարկը կտրուկ աճել է ՝ կապված հասարակության շրջանում տարածված անհանգստության հետ:
Կորոնավիրուսի, բժշկական դիմակներ օգտագործելու արդյունավետության և պատվաստումների մասին կարող եք բժիշկից իմանալ՝ դիտելով մեր տեսանյութը: -0-

