Հունիսի 21-ին Երևան են ժամանելու ռուսաստանցի բժիշկներ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 21-ին հատուկ չվերթով Հայաստան են ժամանելու կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։
Նույն չվերթով Հայաստան են ժամանելու պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը):
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից հունիսի 21-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի»,- նշվում է Facebook-ում դեսպանության հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը նաև հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր Երևան են ժամանելու այս չվերթով:
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: -0-