Հրապարակվել է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

16.02.2017, 17:01
Հինգշաբթի հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակի առաջին տասնյակը:
Հրապարակվել է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակի առաջին տասնյակը:

Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում է «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Ցուցակում երրորդն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, ում հետևում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Առաջատարների հնգյակը եզրափակում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մելքումյանին հաջորդում է «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, յոթերորդն է ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ութերորդը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, ում հաջորդում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Առաջատարների տասնյակը եզրափակում է Շիրակի Պետական համալսարանի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը:

ԲՀԿ համամասնական ցուցակում կլինի 187 մարդ, որից 140–ն ընդգրկված են նաև ռեյտինգային ընտրացուցակներում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանի հաղորդմամբ, «Ծառուկյան դաշինքը» բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, վերջիններս համագործակցության հուշագիր են ստորագրել, սակայն այլ ուժեր նույնպես ներգրավված կլինեն դաշինքում: -0-