Հրապարակվել է պարետի որոշումը. դիմակների պարտադիր կրում հանրային բոլոր բաց տարածքներում և անվտանգության նոր կանոններ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ-ում արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը, որ վերաբերում է դիմակներ կրելու նոր կանոններին:
«Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ»,- նշել է Ավինյանն իր Facebook-յան էջում որոշումը ներկայացնելով:
Նշվում է, որ մասնավորապես այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Նա հայտնել է, որ մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
-
Հյուրանոցների համար,
-
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
-
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարետ Տիգրան Ավինյանն առցանց ճեպազրույցի ընթացքում հայտնել էր նախատեսվող որոշման մասին, ըստ որի դիմակների կրումը պարտադիր է դառնալու բոլոր հանրային վայրերում:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:
Հայաստանում հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով:-0-

