ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Վիրավոր զինծառայողները գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
«Հանրապետության նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում»,– ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–