ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը խախտել է 1742 քաղաքացի և 1751 տրանսպորտային միջոց (ՎԻԴԵՈ)

28.03.2020, 13:52
ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը խախտել է 1742 քաղաքացի և 1751 տրանսպորտային միջոց. ոստիկանության ստուգումները շարունակվում են. ՎԻԴԵՈ
ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը խախտել է 1742 քաղաքացի և 1751 տրանսպորտային միջոց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 9-ը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել է 1742 արձանագրություն, 847-ը՝ մայրաքաղաքում, 895-ը՝ մարզերում։

«Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 9-ը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 1751 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 45 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր»,- նշվում է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշում են ոստիկանությունից:

Հայաստանում մարտի 28–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։-0-