ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը քննարկման փուլում է. վարչապետի մամուլի քարտուղար (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Ի պատասխան այն հարցին, թե կարող է ինքը հաստատել արտակարգ ռեժիմի երկարաձգման վերաբերյալ տեղեկությունը, մամուլի քարտուղարը հայտնել է, որ «այս պահին հաստատել չի կարող»:
«Այս պահին չեմ կարող հաստատել [տեղեկությունը], որովհետև քննարկումների փուլ է: Քննարկումները շարունակական բնույթ ունեն, ու հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը մինչև ամսի 14-ն է, դեռ ժամանակ ունենք ու պաշտոնապես մենք կհայտարարենք, մինչև ամսի 14-ն արդեն հայտնի կդառնա»,- նշել է նա:
Այն հարցին, որ արդեն կան հրապարակումներ արտակարգ դրության երկարաձգման վերավերյալ, Մանե Գևորգյանը հայտնել է, որ տեսել է դրանք և ծանոթ է:
«Ես տեսել եմ և ծանոթացել եմ: Քանի որ քննարկման փուլում է դա դեռ գտնվում [արտակարգ ռեժիմի երկարաձգումը], ես տեղյակ չեմ, այդ տեքստը վերջնականը չէ, նույնիսկ նախնականն էլ չէ, այս ամեն ինչը դեռ քննարկվում է»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 է, առողջացումների թիվը կազմում է 149: Փաստացի բուժվողները 777-ն են, բացասական թեստերը՝ 5144: Մահացել է, ցավոք, 12 մարդ: -0-

