ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց 4-րդ անգամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրել ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցով:
Զեկույցը ներկայացնում էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ներկայացված վիճակագրական տվյալները վկայում էին այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը շարունակում են պահպանվել»,- նշել է Բադասյանը:
Ըստ ներկայացված զեկույցի, ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը առաջարկվում է երկարաձգել հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020թ.-ի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ:
«Հիշեցնենք, որ սա արտակարգ դրության ժամկետի արդեն 4-րդ երկարաձգումն է: Երկարաձգումներ կատարվել են 2020թ.-ի ապրիլի 13-ին, մայիսի 14-ին, հունիսի 12-ին»,- ընդգծել է Բադասյանը:
Նա նաև հայտնել է, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում նախագծում:
«Միաժամանակ նախագծում փոփոխություններ են կատարվել. հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը, սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, իսկ հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքերից, երբ անձը բժշկական ցուցումներին համապատասխան այցելում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ անհրաժեշտ լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,- նշել է Բադասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: Հունիսի 12-ին արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով:
Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: -0-