Ո՞ր տարածքում են գրանցվել ամենաշատ թվով վարակակիրները. պարզաբանում է Թորոսյանը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ իրականացվում է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիս ժամանակ:
«Պարզվել է, որ որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխացմամբ, այսինքն ՀՀ-ում եղած վարակակրից մեկ այլ վարակակրի: Մյուս դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից»,- հայտնել է Թորոսյանը:
Նա հայտնել է, որ կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ իրականացվում է: Դեպքեր կա, որ հստակ պարզ է 100 տոկոսով, և համաճարակաբանական քննությունը չի շարունակվում:
«Դեպքեր կա որ մենք շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ, որովհետև խնդիր էլ կա, երբ մեր քաղաքացիները չեն համագործակցում, և չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին»,- նշել է Թորոսյանը:
«Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում է դեպքերի արձանագրումը, նույն Կոտայքի մարզում: Եվ իմ նշած քարտեզը, երբ մենք սարքենք, կտեսնեք, թե որ բնակավայրերում են ավելի շատ դեպքերը: Հիմա ասել տոկոսային հարաբերակցությամբ, Երևանում են ավելի շատ, թե որևէ մարզում, կդժվարանամ, բայց դեպքեր կան թե Երևանում, թե Երևանի հարակից գրեթե բոլոր մարզերում: Կան դեպքեր թե Շիրակում, թե Լոռիում, թե Սյունիքում, սակայն հատուկենտ են: Ավելի շատ կան Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում այս պահի դրությամբ: Իսկ Վայոց ձորում և Գեղարքունիքում, կարծես թե չունենք հաստատված դեպքեր»,- նշել է նախարարը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։