1000-ից ավելի երևանցիներ տնային հսկողության տակ են կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում դեռևս տնային հսկողության տակ է 1100 քաղաքացի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը:
«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեսթը դրական է եղել, և հիվանդությունը հաստատվել է»,- քաղաքապետարանի մամուլի ծառայությանը հայտնել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Նույնպես նշվում է, որ այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 881 հաստատված դեպք։ Բուժվել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–

