Հայաստանի բնակիչների բժշկական քարտերն էլեկտրոնային կդառնան

17.11.2016, 19:11
Էլեկտրոնային առողջապահության համակարգը, որը ծրագրվում է ներդնել Հայաստանում 2017 թվականի հունվարից, սկզբնական փուլում կգործի պետպատվերի շրջանակում:
Հայաստանի բնակիչների բժշկական քարտերն էլեկտրոնային կդառնան
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրոնային առողջապահության համակարգը, որը ծրագրվում է ներդնել Հայաստանում 2017 թվականի հունվարից, սկզբնական փուլում կգործի պետպատվերի շրջանակում, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Համակարգում կընդգրկվեն Հայաստանի ամբողջ բնակչության բժշկական քարտերն էլեկտրոնային տարբերակով։

«Սա արդյունավետ կառավարման լիովին նոր մակարդակ է, որը նպատակահարմար է թե' վերահսկողության իրականացման և արդյունավետ կառավարման, թե' բնակչության հարմարավետության տեսանկյունից: Այն հնարավորություն կտա ի վերջո կառավարել և զտել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը, արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն։ Սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է»,– նշել են առողջապահության նախարարությունում։

Գերատեսչությունում նշել են նաև, որ Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը բազմաթիվ ծրագրային հնարավորություններ ունի` միտված բարելավելու, կանոնակարգելու և նոր որակ հաղորդելու մեր երկրում առողջապահության քաղաքականության իրագործմանը:


Էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը, որը մշակվել է «ԷԿԵՆԳ» ընկերության կողմից, Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ ճանաչվել է պետական հատվածի «ՏՏ նախագծի լավագույն առաջարկ»։

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով: -0-